ԵՄ Արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման եւ հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ:
Դրանում ասվում է, որ Եվրամիությունը, ԵՄ-Թուրքիա գործընկերությունը զարգացնելու և բոլոր բնագավառներում գործակցությունը ընդլայնելու ուղղությամբ պատրաստ է աշխատելու նոր կառավարության հետ:
ԵՄ պաշտոնյաները նաև շեշտել են, որ իրենք անհամբեր սպասում են ընտրություններին մասնակցած միջազգային դիտորդների զեկույցներին:
Ըստ թուրքական Hurriyet պարբերականի` ԵՄ հայտարարությունը եղել է բավականին կարճ և չի հիշատակվել ոչ նախագահ Էրդողանի անունը ոչ էլ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), գրում է Ermenihaber.am-ը:
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրւթյուններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50%-ը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել:
Կուսակցությունը ստացել է 310 մանդատ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր:
Կարդացեք նաև՝The Irish Times. Եվրոպան մտահոգված է ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթանակով
Պայթյուն, ծեծկռտուք, գազ. Էրդողանի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում