3 նոյեմբերի 2015 - 10:29 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 համակարգիչ է տրամադրել «Գուգարք» մանկական ճամբարին

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում արդեն 57 տարի գործում է «Գուգարք» մանկական ճամբարը, որն ամեն տարի իր դռներն է բացում 7-ից 16 տարեկան պատանի հյուրերի համար: Այստեղ ամեն տարի իր հանգիստ է անցկացնում ավելի քան 1200 երեխա, հիմնականում՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից:

Ճամբարն արդիականացնելու և երեխաներին համակարգչային գիտելիքներ փոխանցելու համար անհրաժեշտ էր համակարգչային սենյակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն օժանդակել է «Գուգարքի» տնօրինությանը՝ տրամադրելով 10 համակարգիչ: Ընկերության աշխատակիցներն աջակցել են դրանց տեղադրման հարցում:

«Ժամանակակից աշխարհում համակարգչային գիտելիքները էական նշանակություն ունեն գիտելիքի ձեռքբերման, ուսումնասիրություն իրականացնելու, ինչպես նաև տարեկիցների հետ շփվելու առումով: Համակարգչային սենյակի հիմնումը հնարավորություն կընձեռի երեխաներին՝ Լոռու գեղատեսիլ բնությունը վայելելու, այլ մարզերից ճամբար եկած իրենց հասակակիցների հետ շփվելու հետ մեկտեղ՝ միաժամանակ ձեռք բերել համակարգչային տարրական գիտելիքներ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Գյուղական համայնքները, և հատկապես՝ սահմանամերձ գյուղերը, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում են: Որպես ՏՀՏ առաջատար՝ ընկերությունն աջակցություն է ցուցաբերում կրթության համակարգի տարբեր ասպարեզներում՝ տրամադրելով ֆինանսական, մեթոդական, ինչպես նաև տեխնիկական աջակցություն: