17 նոյեմբերի 2006 - 17:22 AMT
Թուրքիան պատրաստվում է փոխել իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում
Թուրքիան դիտարկում է Հայոց ցեղասպանության հարցով «միջազգային դատարան դիմելու» հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը: Նրա խոսքերով, պաշտոնաթող դիվանագետները եւ թուրք ու օտարեկրյա «վստահելի» իրավաբան-փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրություններ են իրականացնում այդ հարցի շուրջ: Ինչպես գրում էTurkish Daily News-ը, Անկարայում լրագրողների հետ զրույցում Գյուլը նաեւ վստահեցրել է, որ կառավարությունը փորձում է գտնել խնդրի երկարաժամկետ լուծում: Թուրքական «Միլիեթ» օրաթերթը «Պատմական քայլ Թուրքիայի կողմից» վերնագրված հրապարակման մեջ գրել է, թե թուրքական կառավարությունը «նոր քաղաքականություն է մշակում» Հայոց ցեղասպանության «պնդումների» առնչությամբ, որը հաջորդում է այդ հարցի ուսումնասիրման նպատակով գիտնականների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Միաժամանակ, թուրք դիվանագետները խուսափում են մանրամասներ հաղորդել Հայոց Ցեղասպանության հարցում քաղաքականության փոփոխության վերաբերյալ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: