9 օգոստոսի 2003 - 21:28 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
Սեպտեմբերի 2-5-ը ռուսաստանյան Աշուլուկ հրաձգարանում կկայանա ԱՊՀ հակաօդային պաշտպանության զորքերի (ՀՕՊ) համատեղ «Մարտական համագործակցություն-2003» զորավարժությունների երրորդ, եզրափակիչ փուլը: Իրենց զինվորական վարպետությունը կցուցադրեն Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի Ուզբեկստանի, Ռուսաստանի Ղազախստանի եւ Ղրղզստանի Ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) եւ ՀՕՊ-ի ներկայացուցիչները: Իսկ զորքերի գործողություններին կհետեւեն զորավարժությունների մասնակից-երկրների պաշտպանության նախարարները, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը: ԱՊՀ յոթ երկրների ՀՕՊ-ի զորքերի զորավարժությունները սկսվել են հունիսի 15-ին եւ անցկացվում են միասնական ծրագրով` երեք փուլով Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի չորս հրաձգարաններում: Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի ՌՕՈՒ-ի գլխավոր շտաբը, «զորավարժություններում մշակվում են ՌՕՈՒ-ի եւ ՀՕՊ-ի զորամասերի նախապատրաստման եւ օգտագործման հարցերը` հակաահաբեկչական գործողությունների անցկացման եւ տեղային զինված հակամարտությունների ժամանակ»: