4 նոյեմբերի 2015 - 10:23 AMT
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց

Նոյեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 ու 82 միլիմետրանոց ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) ու Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերը նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից (18 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետից (6 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:

Հանգստյան օրերին` հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին, հրադադարը շփման գծում խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: