4 նոյեմբերի 2015 - 19:05 AMT
Հայկական ալկոհոլային խմիչքները՝ Կրակովի միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի զարգացման հիմնադրամը ալկոհոլային խմիչքների ոլորտի 14 ընկերության հետ համատեղ ներկայացնում են Հայաստանը Լեհաստանի Կրակով քաղաքում նոյեմբերի 4-6-ը կայանալիք Enoexpo2015 13-րդ միջազգային ամենամյա գինու ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ընկերությունները միջազգային սպառողին կներկայացնեն հայկական գինին, կոնյակը, գարեջուրը և ծիրանի բրենդին: Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է նաև խմիչքի համտես, շնորհանդեսներ, հյուրասիրություններ և գործնական հանդիպումներ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի խոսքով՝ ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակը ալկոհոլային խմիչքների արտահանման խթանումն է, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև միջազգային շուկա մուտք գործելը և նոր գնորդներ ձեռք բերելը: Հաշվի առնելով այս հանգամանքը նախատեսվում է կազմակերպել նաև հայկական գինիների համտես-շնորհանդես` առևտրային ցանցերի, գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ ոլորտի լրագրողների և սոմելիեների համար: