Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ թեև այս պահին լիակատար վստահություն չկա, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերության А321 չվերթը աղետի է ենթարկվել պայթյունի հետևանքով, սակայն «գնալով ավելի հավանական է դառնում, որ դա այդպես է»:
Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:
Ըստ Քեմերոնի, նա ափսոսում է, որ եգիպտացիները, որոնք կախված են օտարերկրյա զբոսաշրջությունից, տնտեսապես կտուժեն դեպի Շարմ էլ Շեյխ թռիչքները դադարեցնելու պատճառով, սակայն շեշտել է, որ ամենից առավել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիների անվտանգությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրիտանիան արգելել է ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Շարմ էլ Շեյխ և խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ այնտեղ ուղևորվելուց:
Քեմերոնն ասել է, որ ավելի ուշ հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանն ու Եգիպտոսը հերքում են ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների պնդումը, թե ինքնաթիռում կարող էր պայթուցիկ սարք տեղադրված լինել:
Մինչդեռ թռիչքները դադարեցնելու Լոնդոնի որոշումը Եգիպտոսում շտապողական են համարում, քանի որ կայացվել է մինչ քննության արդյունքների հրապարակումը:
Բրիտանիայի և ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները շեշտում են, սակայն, որ վերջնական եզրակացություններ դեռ չեն արվել:
Հայտնի ամերիկյան Stratfor վերլուծական գործակալությունը, որը փորձագետներից ու լրագրողներից շատերը անվանում են «ստվերային ԿՀՎ», կարծում է, որ «Կոգալիմավիայի» օդանավի կործանման ամենահավանական պատճառը պայթուցիկ սարքի պայթյունն է ինքնաթիռում: «Հաշվի առնելով այլ սցենարների քիչ հավանական լինելը, առավել հավանական է թվում, որ ինքնաթիռի կործանման պատճառը պայթուցիկ սարքի առկայությունն է եղել ինքնաթիռում»,-ասվում է վերլուծության մեջ: