ԵՄ կառավարությունների ղեկավարները մտադիր են ևս 6 ամսով երկարացնել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: Այդ մասին Handelsblatt պարբերականին են պատմել բարձրաստիճան գերմանացի պաշտոնյաները: Նրանք պատմել են, որ պատժամիջոցների երկարացումը Ռուսաստանի դեմ համաձայնեցվելու է Եվրամիության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների միջև դեկտեմբերին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում:
Ըստ պաշտոնյաների, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս սատարում է պատժամիջոցների երկարացմանը:
«Պատժամիջոցների չեղարկման համար պատճառ չկա»,-հայտարարել է պարբերականին պաշտոնյան դաշնային կառավարությունից, հայտնում է ՌԲԿ-ն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ վարչապետի և Գերմանիայի կանցլերի հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվել են երկարացնել ՌԴ դեմ պատժամիջոցները մինչր Միսնկի համաձայնությունների կատարումը:
Հոկտեմբերի վերջում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ անհրաժեշտ է երկարացնել ՌԴ դեմ գործող պատժամիջոցները: Նա պնդում էր, որ դրա համար հիմք է ծառայում Մինսկի պայմանավորվածությունների չկատարումը:
«Մենք քննարկել և տեղեկացրել ենք մեր լատվիացի գործընկերներին, Եվրոպայի առաջնորդներին, որ եթե հետագայում էլ Մինսկի համաձայնությունները կյանքի չկոչվենք, հարկ կլինի երկարացնել պատժամիջոցները»,-ասել էր Ուկրաինայի նախագահը:
ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք այլ պետություններ 2014-ի մարտից մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Սահմանափակումներն այն ռուսական ընկերությունների համար են, որոնք գործում են հիմնականում էներգետիկ, ֆինանսական և պաշտպանության ոլորտներում: Պատժամիջոցներ են սահմանված նաև ՌԴ առանձին անձանց դեմ: Պատժամիջոցների ժամկետը սպառվում է 2016-ի հունվարի վերջում: Սահմանափակող միջոցների երկարացման համար հարկավոր է ԵՄ բոլոր 28 պետությունների համաձայնությունը: Ռուսաստանը բազմիցս է հերքել իր մասնակցությունը Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալված հակամարտությանը:
Հոկտեմբերի սկզբին Եվրամիությունը մասնակիորեն մեղմացրեց Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: պատժամիջոցների Եվրամիության ցանկից հանվել են հրթիռային վառելիքի բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են եվրոպական տիեզերական առաքելությունների իրականացման, ինչպես նաև եվրոպական երկրներում արբանյակների գործարկման համար: