9 նոյեմբերի 2015 - 18:51 AMT
Զեկույց. Թուրքիայում ավելի քան 400.000 սիրիացի երեխա դպրոց չի գնում

Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում նշվում է, որ Թուրքիայում դպրոց չի հաճախում ավելի քան 400 հազար սիրիացի երեխա: Զեկույցը կոչվում է «Ապագաս պատկերացնելիս որևէ բան չեմ կարողանում տեսնել. Թուրքիայում կրթության հարցում սիրիացի փախստական երեխաների դեմ ծառացած խոչընդոտները»:

Զեկույցում մասնավորապես ասվում է. «Ինչքան էլ Թուրքիայի կառավարությունը փորձում է փախստականների ճգնաժամի խնդրում առատաձեռն լինել, այնուամենայնիվ, Թուրքիան դժվարանում է ապահովել սիրիացի երեխաների` կրթություն ստանալու իրավունքը», թուրքական Hurriyet թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Կազմակերպությունը, 2014-2015-ը Թուրքիայում ուսումնասիրություններ կատարելով, պարզել է, որ դպրոց չեն հաճախում 708 հազար սիրիացի դպրոցահասակ երեխաներից ավելի քան 400 հազարը: Զեկույցում նշվում է, որ սիրիացի երեխաների համար դպրոց հաճախելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ Թուրքիայում 2014-ին իրավական կարգավորումներ են կատարվել: Բայց դեռևս կան խոչընդոտներ. դրանք լեզվի, սոցիալական ինտեգրման և նյութական սղության խնդիրներն են:

Թուրքիային կոչ է արվում ժամ առաջ աշխատանքներ սկսել սիրիացի երեխաների համար կրթության հնարավորություն ստեղծելու ուղղությամբ, իսկ միջազգային հանրությանը կոչ է արվում օգնել Թուրքիային այդ հարցում:

2015-ի սեպտեմբերի Եվրամիության ղեկավարների գագաթաժողովում Թուրքիային 1 մլրդ եվրո հատկացնելու որոշում է կայացվել: Գումարը կուղղվի սիրիացի փախստականների կարիքները հոգալուն: