Այն մարդիկ, ովքեր իրենց դիմումների համաձայն դուրս են եկել կուտակային համակարգից, իսկ նրանց թիվը հասնում է մոտ 140 հազարի, համակարգի նկատմամբ ձեռք բերված վստահության շնորհիվ աստիճանաբար պետք է հետ վերադառնան դեպի պարտադիր համակարգ: Այս մասին նոյեմբերի 9-ին Երևանում կազմակերպված «Կենսաթոշակային և սոցիալական ապահովության արդիականացված համակարգեր. լուծումներ և տեսլական» խորագրով միջազգային չորրորդ համաժողովում ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը՝ ներկայացնելով Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների անցած ուղին և կուտակային համակարգի ներդրման առաջին երկու տարիների ընթացքում ձեռքբերված արդյունքները:
Ըստ նրա, առաջիկա տարիներին կան մարտահրավերներ, որոնք պետք է դեռ լուծվեն:
«Մենք ունենք ընդամենը 1,5 տարի ժամանակ՝ մինչև 2017-ի հուլիսը, քանի որ այդ ժամանակ կենսաթոշակային կուտակային համակարգը դառնում է պարտադիր բոլորի համար: Թեև ամսական կտրվածքով համակարգին միանում են 3-4 հազար քաղաքացի, սակայն 1,5 տարվա համար դա բավարար չէ: Պետք է փորձենք ճիշտ իրազեկում իրականացնելով և համակարգը կայուն պահելով՝ ներգրավվել այլ մասնակիցների», - ասել է Արամյանը, մեջբերում է Panorama.am-ը:
Նա նաև հայտնել է, որ կենսաթոշակային խնդիրները եղել են և կլինեն պետության ուշադրության կենտրոնում՝ անկախ նրանից, որ սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումները որոշ քաղաքական ուժերի կամ հանրության կողմից բացասական են ընկալվում: