10 նոյեմբերի 2015 - 12:12 AMT
Հալեպում հրթիռակոծվել է հայկական վարժարանի թաղամասը

Սիրիայի Հալեպի Նոր գյուղի շրջանում հրթիռակոծվել է «Ազգային Զավարյան» վարժարանի թաղամասը: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Արձանագրվել են նյութական վնասներ, մեկ հալեպահայ թեթև վնասվածքներ է ստացել:

Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Սալմիա-Հանասիր ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Մինչ այդ այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից: Ինչպես հայտնել է «Ալ Վաթան» թերթը, ազատագրվել է ավտոմայրուղուց 15 կմ խորությամբ տարածք:

Նոյեմբերին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբից առնվազն 120.000 մարդ է լքել տները Հալեպում, Համայում և Իդլիբում մարտական գործողությունների պատճառով:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: Ինչպես 2015-ի հոկտեմբերի սկզբին հայտնել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունն, աշխարհում փախստականների, ապաստան հայցողների և ներքին տեղահանվածների քանակը գերազանցել է 60 միլիոնը և շարունակում է աճել: