11 նոյեմբերի 2015 - 11:44 AMT
Լաթաքիան և Դամասկոսը հրթիռակոծվել են. Կան զոհեր ու վիրավորներ

Նոյեմբերի 10-ին հրթիռակոծվել է սիրիական Լաթաքիան, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը: Ահաբեկչական խմբավորումները բնակելի թաղամասերի ուղղությամբ երկու հրթիռ են արձակել. զոհերի թիվը հասնում է 23-ի, վիրավորվել է ավելի քան 60 մարդ: Շինություններին հասցվել է նյութական մեծ վնաս:

Հրթիռներից մեկը պայթել է Տիշրին համալսարանի մոտ, երկրորդը` իգական միջնակարգ դպրոցի հարևանությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Զոհվածներն ու վիրավորները մեծամասամբ ուսանողներ են:

Այժմ Լաթակիայի կենտրոնը փակ է, փողոցները սակավամարդ են, սակայն իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, հայտնել է գործակալության թղթակիցը դեպքի վայրից:

Նույն օրը Դամասկոսում բնակելի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով արձանագրվել է 1 զոհ, 5 վիրավոր, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: Ինչպես 2015-ի հոկտեմբերի սկզբին հայտնել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունն, աշխարհում փախստականների, ապաստան հայցողների և ներքին տեղահանվածների քանակը գերազանցել է 60 միլիոնը և շարունակում է աճել:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։