11 նոյեմբերի 2015 - 17:47 AMT
ՀԱՊԿ Զարգացման միջպետական կորպորացիան պատրաստ է ՏՏ ոլորտի ձեռնարկություններ ձեռք բերել ՀՀ-ում

Զարգացման միջպետական կորպորացիան (ԶՄԿ) քննարկում է Հայաստանում ՏՏ ոլորտի ձեռնարկություններ ձեռք բերելու հնարավորությունը: Այդ մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է ԶՄԿ գլխավոր տնօրեն Իվան Պոլյակովը:

«Մենք դիտարկում ենք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, նոր հատկություններով նյութերի մշակման, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում մասնագիտացած մի շարք ընկերություններ ձեռք բերելու կամ նրանց հետ համագործակցելու հնարավորությունը: Վերջնական նպատակը նոր ապրանքների արտադրությունն է, առաջատար տեխնոլոգիաների մուտքը շուկա»,-ասել է նա: Ըստ Պոլյակովի, կորպորացիայի արտադրական հզորություններն այժմ կենտրոնացած են ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի տարածքում, հայտնում է planet-today.ru-ն:

Զարգացման միջպետական կորպորացիան (ԶՄԿ) հիմնվել է ՀԱՊԿ անդամ երկրներում գիտա-արդյունաբերական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կոոպերացիայի զարգացման նպատակով: Կորպորացիան խոշորագույններից է ԱՊՀ տարածքում կապի և կառավարման բազմաբնույթ պաշտպանված համակարգերի մշակման և արտադրության ոլորտում: