12 նոյեմբերի 2015 - 11:09 AMT
ԿԽՄԿ պատվիրակները Բաքվում տեսակցել են սահմանը հատած ՀՀ քաղաքացուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի պատվիրակներն նոյեմբերի 11-ին այցելել են Ադրբեջանում հայտնված ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակչուհուն՝ 76-ամյա Լուսիկ Աբովյանին: Այդ մասին տեղեկացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նեյեմբերի 9-ին Ադրբեջանական պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղազախի և Նոյեմբերյանի սահմանին՝ առաջնագծում, ՀՀ քաղաքացու կողմից սահմանը հատելու դեպքի մասին: Քաղաքացին 1942 թվականին ծնված Լուսիկ Ղուկասի Աբովյանն է, ով սահմանն անցել է մոլորվելով:

«Համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց հետո նա կփոխանցվի հայկական կողմին», - ասվում էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունում:

«ԿԽՄԿ մանդատի համաձայն, Բաքվում մեր պատվիրակները հանդիպել են Հայաստանի քաղաքացուն, գնահատել նրա առողջական վիճակը, քաղաքացու պահման պայմանները, նրա հանդեպ վերաբերմունքը», - փոխանցել է Ամատունին, գրում է Panorama.am-ը:

Նա հրաժարվել է պատասխանել այցելության արդյունքների մասին հարցին՝ վկայակոչելով իրենց առաքելության կանոնադրությունը, ըստ որի ԿԽՄԿ-ն չի հանրայնացնում իր գործունեությունը:

Այդուհանդերձ ՀՀ քաղաքացուհու հայրենադարձման հարցի շուրջ ԿԽՄԿ-ն բանակցում է երկրների իշխանությունների հետ:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնել է, որ Լուսիկ Աբովյանը 4 երեխաների մայր է և արդեն թոռներ էլ ունի, ապրում են նորմալ սոցիալական պայմաններում: