12 նոյեմբերի 2015 - 13:10 AMT
Հայոց ցեղասպանության թեմայով լուսանկարչական ցուցահանդես՝ Անկարայում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա շրջանում Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարների ցուցահանդես է բացվել՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի օգնական Սեզգին Թանրըքուլուի, ԺՀԿ-ի Քոնյայի պատգամավոր Աթիլլա Քարթի, պրոֆեսոր Բասքըն Օրանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայի մասնակցությամբ:

Նշվում է նաև, որ Չանքայայի ՏԻՄ մարմինների կողմից կազմակերպված ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը, թուրքական Memurler.net-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Վկայություններ մի հայ ընտանիքի կորած անցյալի մասին» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են հայ լուսանկարիչներ Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրների աշխատանքները: Լուսանկարները պատմում են ինչպես Դիլդիլյան ընտանիքի պատմությունը, այնպես էլ Օսմանյան կայսրության և Թուրքիայի հանրապետության ժամանակներում երկրում բնակվող հայերի կյանքն ու ճակատագրերը, Հայոց ցեղասպանությունն ու գաղթը:

Աղբյուրի համաձայն՝ ցուցահանդեսը առաջացրել է Թուրքիայի մի շարք քաղաքական և ոչ քաղաքական շրջանակների զայրույթն ու բողոքը: Մասնավորապես Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Twitter-ում հետևյալ գրառումն է արել. «Ամոթ Չանքայայի իշխանություններին: Հայ լուսանկարչի աշխատանքներով հայոց ջարդերի ցուցահանդես է բացվել: Անկեղծ ասած՝ քեզանից չէի սպասում, Ալփեր Թաշդելեն»:

Մելիհ Գյոքչեքը հայտնի է իր հայատյացյությամբ: Ամիսներ առաջ նա պոլսահայ գրող և լրագրող Հայկո Բաղդադի դեմ հայց էր ներկայացրել դատարան:

Սեպտեմբերի 3-ից նոյեմբեր 1-ը Ստամբուլում գործում էր Հայոց ցեղասպանության թեմային նվիրված «Թոռներ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը համակարգողը ծնունդով արգենտինահայ, ներկայումս բեռլինաբնակ նկարչուհի Սիլվինա Տեր-Մկրտչյանն է:

Ցուցահանդեսին ներկայացվել են Մարիա Բեդոյանի, Մարտին Կարադաղյանի, Արման Թադևոսյանի, Միքայել Օհանյանի, Աշոտ Աշոտի, Թալին Բյույուքքյուքչյան-Դեմիրճյանի, Անի Սեթյանի, Հերա Բյույուքթաշչյանի, Մարիա Զոլամյանի, Արչի Գալենցի, Լինդա Գանջյանի աշխատանքները: