12 նոյեմբերի 2015 - 15:58 AMT
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն դեկտեմբերի սկզբին

Եվրոպական միության և ՀՀ-ի միջև նոր համաձայնագրի մասին բանակցությունները կսկսվեն 2015-ի դեկտեմբերի սկզբին: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը` նշելով, որ այդ մասին քննարկումներ են եղել վերջերս Երևանում գտնվող ԵՄ պատվիրակության և Արտաքին գործերի նախարարության միջև:

«Երևան էր ժամանել ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության պատվիրակությունը և այդ առիթով եղան քննարկումներ: Մտքեր են փոխանակվել ժամկետների շուրջ, ենթադրում ենք դեկտեմբերի սկզբին կսկսվեն բանակցությունները, երկու կողմից էլ կա պատրաստակամություն այն իրականացնել մինչև տարեվերջ», - ասել է Նազարյանը:

Անդրադառնալով փաստաթղթի բովանդակային մասին՝ նա նկատել է, որ բանակցությունները չեն սկսվելու զրոյից:

«Խոսքը վերաբերում է դեռևս 2014-ից սկսած մտքերի փոխանակման գործընթացին, որի նպատակն էր ուրվագծել այն շրջանակը, որը պետք է լինի բանակցության առարկա: Կարող եմ ասել, որ քննարկումները հաջող էին, բովանդակային էին, և այդ քննարկումների արդյունքներն է, որ մեզ լավատեսությամբ է տրամադրում ապագա բանակցությունների ընթացքի առումով: Հուսամ, որ դրանք կլինեն արդյունավետ, խորը բովանդակային և մեծապես կարտահայտեն բանակցությունների արդյունքը», - ասել է Նազարյանը, գրում է Tert.am-ը:

Հարցին, թե Ասոցացման համաձայնագրից ինչ էական կետերով է տարբերվելու նոր փաստաթուղթը, փոխնախարարը պատասխանել է, որ փոփոխության ենթարկվելու խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն վերաբերող դրույթները, իսկ տնտեսական մասից դուրս հնարավորինս պահպանվելու են նախկին փաստաթղթի ձեռքբերումները:

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար. Երրորդ ուժերը չեն խափանի ՀՀ-ԵՄ նոր բանակցությունները