13 նոյեմբերի 2015 - 10:24 AMT
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդի կրակոցներից 2 զինվոր է զոհվել

Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:

Նոյեմբերի 7-ին և 8-ին, շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 60 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: