Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը և նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը գրանցված քամին ավերածությունների պատճառ է դարձել: Հոսանքազրկվել են տասնյակ գյուղեր, տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը:
Նոյեմբերի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ հոսանքազրկված են Լոռու մարզի 37 գյուղ, Տավուշի մարզի՝ 3 գյուղ, Գեղարքունիքի մարզի՝ 4 գյուղ:
Համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ:
Երևանում քամու հետևանքով շրջվել են 8 էլեկտրական սյուն, 6 ծառ: Ջարդվել են բնակարանների ապակիները:
Վանաձորում վնասվել են տների, դպրոցների տանիքներն ու ծառերը:
Ալավերդիում վնասվել են 110 շենքի տանիքներ: Վնասվել են բարձրավոլտ լարերի հենասյուները: Շահալի-Թումանյան երկաթգծի 2632-րդ կմ-ում ծառեր են ընկել: Ժամը 16.50-ից երթևեկությունը դադարեցված է:
Ստեփանավանում վնասվել են տանիքները, շրջվել 8 ծառ, 7 սյուն, թիվ 3 գերեզմանատանը վնասվել է 15 գերեզմանաքար:
Էլեկտրական սյուների շրջման հետևանքով հոսանքազրկվել են նաև Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրեր:
Քաղաքապետարաններում կազմվել են հանձնաժողովներ` վնասների չափերը ճշտելու նպատակով: