14 նոյեմբերի 2015 - 11:44 AMT
Ազնավուրը կդառնա Բելգիայի Թագի շքանշանի կոմանդոր

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կդառնա Բելգիայի Թագի շքանշանի կոմանդոր, հաղորդում է Newsarmenia-ն բելգիական ԶԼՄ-ների վրա հղումով: Մրցանակը 91-ամյա շանսոնյեին անձամբ կհանձնի Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը Բրյուսելի Forest National համերգասրահում նոյեմբերի 17-ին նախատեսված Ազնավուրի եզրափակիչ շոուից առաջ։

Պարբերականը հիշեցնում է, որ 2004-ին իր 80–ամյակի կապակցությամբ Ազնավուրն արդեն արժանացել է Լեոպոլդի շքանշանին «բացառիկ երկարաժամկետ կարիերայի և անվիճելի որակի», ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպանի գործունեության համար։

Թագի շքանշանը Բելգիայի թագավորական պետական մրցանակ է։ Այն հիմնադրվել է Լեոպոլդ Երկրորդ թագավորի կողմից 1897 թ.–ի հոկտեմբերի 15–ին։ Թագի շքանշանով պարգևատրում են Բելգիայում գեղարվեստական, գրական կամ գիտական ոլորտում, կոմերցիոն կամ արդյունաբերական վաստակի համար։ Թագի շքանշանով պարգևատրում են նաև օտարերկրացիներին, այն հաճախ հանձնվել է Բելգիայում հավատարմագրված օտարերկրացի զինվորականներին և դիվանագետներին։ Թագի շքանշանով կոմանդորի և ավելի բարձր դասի պարգևատրման որոշումը հաստատվում է նախարարների կաբինետի կողմից։