16 նոյեմբերի 2015 - 14:03 AMT
Լաս Վեգասում բացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը

Լաս Վեգասում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, նոյեմբերի 14-ին բացվել է «Սանսեթ պարկում« տեղադրված հուշակոթողը, որը կանգնեցվել է Հայ-ամերիկյան մշակութային միության միջոցներով: Հուշարձանը Ծիծեռնակաբերդի հուշարձանի նմանօրինակն է, ավելի փոքր չափի: Հուշարձանը 12 քարե սալերից է բաղկացած, որոնք խորհրդանշում են, Ցեղասպանության ժամանակ ամայացած 12 հայաբնակ գավառները:

2015-ի հունվարին ԱՄՆ Նևադա նահանգի Քլարկ վարչական շրջանը որոշեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել, որը կտեղադրվի Լաս Վեգասի «Սանսեթ փարք» զբոսայգում: Հուշարձանի դիզայնի, կառուցման ու տեղադրաման ծախսերը կազմել են 120.000 դոլար: Անհրաժեշտ գումարը տրամադրել է Հայ-ամերիկյան միությունը: Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր ամերիկահայեր հավաքվում են՝ ոգեկոչելու Օսմանյան կայսրությունում զոհերի հիշատակը: Ինչպես նշել է վարչական շրջանի հանձնաժողովի նախագահ Մերի Բեթ Սքոուն, հանձնաժողովի հանդիպումներին մոտավորապես 50 հայ էր եկել՝ կոթողը տեղադրելու խնդրանքով: «Զգացինք, որ հուշարձանի կառուցման ժամանակը հասունացել է»,- նշել է նա: «Այս հուշարձանը կդառնա հիշատակի ծաղիկներ դնելու մի վայր»,- ասել է Լաս Վեգասի հայ-ամերիկյան միության խորհրդի անդամ Էնդի Արմենյանը:

Հուշարձանի բացման արարողության ժամանակ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են նաև Փարիզում տեղի ունեցած բռնարարքների զոհերի հիշատակը: System of a Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը, որը ներկա էր միջոցառմանը, խոսելով «Բատակլան» թատրոնում տեղի ունեցած ողբերգության մասին, ասել է. «Նրանք ուղղակի ռոք համերգի մասնակցող երեխաներ էին: Ի՞նչ էին արել նրանք»: