23 նոյեմբերի 2006 - 13:56 AMT
Թուրք ազգայնականները դեմ են Հռոնի Պապի այցին Ստամբուլ
Ստամբուլում շուրջ 120 հոգի բողոքի ակցիա են կազմակերպել Այա Սոֆիա մեջիթում Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի այցի դեմ, հաղորդում է AP գործակալությունը: Ցուցարարները մտել են մեջիթում գործող թանգարան, որպես սովորական այցելուներ, իսկ այնուհետեւ հավաքվել են եւ սկսել են վանկարկել կարգախոսներ ընդդեմ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի նախատեսվող այցի: Ակցիան շարունակվել է մինչեւ, որ նրա մասնակիցներին ցրել է ոստիկանությունը: «Անատոլիա» լրատվական գործակալության տվյալներով, 39 ցուցարարներ, որոնք իսլամիստական խմբավորման ներկայացուցիչներ են, ձերբակալվել են: Ինչպես հաղորդվում է, մինչ ցուցարարներին ցրելը ոստիկանությունը թանգարանից հեռացրել է բոլոր այցելուներին եւ փակել է շենքի մուտքները:
Մինչդեռ, Վատիկանի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ կատարվածը անէկան միջադեպ է, որը չի կարող կասկածի տակ առնել ճշմարիտ էությունը: «Մենք հուսով ենք, որ այցը կանցնի հանգիստ մթնոլորտում: Վատիկանը իրազեկ է, որ կան խմբավորումներ, որոնք անբարյացակամ են վերաբերվում Պապի այցին»,-ընդգծել է Վատիկանի մամլո քարտուղարը:
Թուրքիայի ծայրահեղական խմբերի ներկայացուցիչներն արդեն խոստացել են լայնածավալ բողոքի ցույցեր կազմակերպել, եթե պոնտիֆիկի այցն երկիր այնուամենայնիվ կայանա: Իր հերթին թուրքական իշխանությունների ներկայացուցիչները մերժել են այցը չեղյալ հայտարարելու հնարավորությունը եւ հավաստիացրել են, որ կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցները, որպեսզի Պապի այցը հանդարտ անցնի: Իսլամական կուսակցությունը կոչ է անում տապալել Հռոմի Պապի այցը Թուրքիա:
Հիշեցնենք, որ 2006 թվականի նոյեմբերի 28-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-րդ պետք է քառօրյա այցով ժամանի Թուրքիա, որը կդառնա առաջին մահմեդական երկիրը, որ կընդունի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայիս ղեկավարին: