16 նոյեմբերի 2015 - 14:04 AMT
Շախմատի ԵԱ. ՀՀ հավաքականը հաղթել է աշխարհի չեմպիոն Կարլսենի գլխավորած թիմին

Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը երրորդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորած Նորվեգիայի թիմին, հայտնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության է հասել Կարլսենի նկատմամբ, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթել է Ֆրոդե Ուրկեդալին:

Գաբրիել Սարգսյանը Լյուդվիգ Համերի հետ ոչ-ոքի է խաղացել, իսկ Սերգեյ Մովսեսյանը սևերով պարտվել է Արյան Տարիին:

Այսպիսով, 3 տուրերից հետո Հայաստանն ունի 2 հաղթանակ և 1 պարտություն:

Կանանց թիմն էլ ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի հավաքականի հետ:

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին մեկնարկում է 4-րդ տուրը: ՀՀ-ի երկու ընտրանիներն էլ կմրցեն անգլիացիների հետ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006-ին Թուրինում, 2008-ին ին Դրեզդենում և 2012-ին` Ստամբուլում)։

Բացի այդ, հայկական թիմը 1992, 2002, 2004 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999-նի Եվրոպայի առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության (2007, 1997) արծաթե և բրոնզե մեդալակիր, 1997, 2001, 2005 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։