«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածում. մրցութային «LOVE» խորագիրը կրող երգը կհնչի 11-րդ համարի ներքո, հայտնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հայաստանից առաջ ելույթ կունենան Սերբիայի, Վրաստանի, Սլովենիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Իռլանդիայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի և Բելառուսի ներկայացուցիչները: Համերգային այդ հատվածում ելույթ կունենան նաև Ուկրաինան, Բուլղարիան, Սան Մարինոն, Մալթան, Ալբանիան և Մոնտենեգրոն:
Հայաստանի պատվիրակությունն արդեն Բուլղարիայում է, որտեղ այսօրվանից սկսած նախատեսված են փորձեր և տարբեր հանդիպումներ:
12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռ 6 տարեկանում, երբ սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների: Նա 2012-ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին, 2013-ին Բուլղարիայի Վառնայում կայացած մանկական միջազգային Golden Sparkles մրցույթ-փառատոնին, որտեղ միաժամանակ 3 մրցանակի է արժանացել՝ կատարողական մրցույթում 2-րդ տեղն է զբաղեցրել, երգի մրցույթում՝ 3-րդ, ինչպես նաև արժանացել է մրցույթի «Ամենագրավիչ մասնակից» հատուկ մրցանակին: 2014-ին Միքայելը մասնակցել է Վիտեբսկում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը, և գրավել 3-րդ տեղը:
Նա նկարահանվել է ռեժիսոր Արմեն Ռոնովի ֆիլմում, կրկնօրինակել և հնչյունավորել մի շարք մուլտֆիլմեր և ֆիլմեր, 2014-ից սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը:
Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն է #Discover (Բացահայտի՛ր): Մրցույթն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011 թ-ին և կհյուրընկալի շուրջ 8000 հանդիսականի:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից և բավականին մեծ հաջողությունների է հասել: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը հնարավորություն էր ընձեռել մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում: 2007-ին մրցույթում ՀՀ պատվիրակ «Արևիկ» խումբը և 2009-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ Compass Band-ը՝ 2012-ին, և Բեթթին՝ 2014-ին գրավել են երրորդ հորիզոնականները: Ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլի», մանկականում հաղթանակը չի նշանակում, որ հենց հաղթող մասնակցի երկրում է անցկացնելու հաջորդ տարվա մրցույթը: Որոշումը կայացնում է մրցույթը ղեկավարող խումբը: