23 նոյեմբերի 2006 - 14:45 AMT
ՄՃԽ-ն զգուշացնում է Վրաստանի հայ եւ ազերի փոքրամասնությունների միջեւ հակամարտության հնարավորության մասին
Վրաստանի կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի երկրի էթնիկապես հայկական եւ ադրբեջանական տարածքներում հակամարտությունից խուսափելու համար: Այդ մասին ասվում է Միջազգային Ճգնաժամային Խմբի վերջին` «Վրաստանի հայ եւ ազերի փոքրամասնությունները» զեկույցում: Զեկույցում նշվում է, որ Վրաստանը մեծ առաջընթաց չի արձանագրել` իր բնակչության 12 տոկոս կազմող հայ եւ ազերի փոքրամասնություններին ինտեգրացնելու ուղղությամբ:Հայերը եւ ադերբեջանցիները լավ ներկայացված չեն հանրային կյանքի որեւէ բնագավառում, հատկապես` կառավարությունում, իսկ նրանց եւ Թբիլիսիի միջեւ երկխոսության պակասը էլ ավելի է սաստկացնում խտրականության եւ օտարացման ընկալումները: Թեեւ վտանգ չկա, որ իրավիճակը կարող է Օսեթիայի եւ Աբխազիայի պես սպառնա Վրաստանի տարածքային ամբողջականությանը, լարվածությունը Սամցխե-Ջավախքում եւ Քվեմո-Քարթլիում, որտեղ նրանք հիմնականում ապրում են, ակնհայտ է, ասվում է զեկույցում:
ՄՃԽ տվյալներով, վերջին երկու տարիներին անցկացվել են ցույցեր, կան տեղեկություններ ոստիկանանկան բռնության մասին, տեղի են ունեցել սպանություններ ազգային հողի վրա: «Թեպետ կառավարությունը ժխտում է, որ կա անհավասարություն, փոքրքմասնություններից շատերը պնդում են, որ նրանց հետ վարվում են ինչպես երկրորդ սորտի քաղաքացիների: Իրեն զգալով խաբված Վրաստանի տարածքում անկախ պետություններ հռչակած աբխազների եւ օսերի կողմից, Թբիլիսին խորն արմատացած, թեեւ չհիմնավորված, մտավախություն ունի, որ մյուսները նույնը կանեն: Փոքրքմասնությունների նկատմամբ ավելի զգայուն եւ արդյունավետ քաղաքականությունը կթուլացնի նման պահանջներն եւ կարող է անգամ օգնել աբխազների եւ օսերի հետ վստահություն կառուցելուն»,-գտնում է ՄՃԽ տնօրեն Սաբինա Ֆրեյզերը:
Զեկույցի հեղինակների կարծիքով, Թբիլիսին պետք է շատ ավելին անի, որ վստահություն կառուցի եւ խրախուսի փոքրամասնություններին` լուծելու իրենց խդիրները պետական կառույցների, եւ ոչ թե փողոցի միջոցով: Փորձագետները նշում են, որ փոքրամասնությունների կյանքը բարելավելու համար որոշ քայլեր արվել են:
Պետությունը պետք է նաեւ կատարի իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես` թույլատրի պետական գործավարության մեջ փոքրամասնությունների լեզուների օգտագործումը մեծ թվով փոքրամասնություններ ունեցող շրջաններում, համապատասխան ամբողջ Եվրոպայում գործող ստանդարտների, գտնում են զեկույցի հեղինակները: «Միայն աշխատելով միաժամանակ երկու ուղղությամբ, Վրաստանը կհաջողի եւ' թուլացնել լարվածությունը, եւ' ամրապնդել փոքրամասնությունների ինտեգրացիան»,-ասում է Միջազգային Ճգնաժամային Խմբի Եվրոպայի ծրագրի տնօրեն Նիկոլաս Ուայթը: