17 նոյեմբերի 2015 - 11:07 AMT
ANCA-ն ԱՄՆ-ից պահանջում է իրագործել ԼՂՀ հարցում կոնգրեսականների խաղաղարար առաջարկները

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA), հաշվի առնելով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրականացված հարձակումն ու 2 հայ զինծառայողի սպանությունը, շտապ կոչով դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին, որպեսզի վերջիններս խելամտություն դրսևորեն ու իրագործեն ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ Էլիոթ Էնգելի և այլ կոնգրեսականների ներկայացրած առաջարկները։

«Ադրբեջանցի դիպուկահարների կողմից 2 հայ զինծառայողի (Վահե Վանոյան, Միքայել Թորոսյան) սպանության դեպքն ահազանգում է այն մասին, որ պետք է անհապաղ իրագործել Ռոյսի և Էնգելի նախաձեռնությամբ ներկայացված խաղաղարար առաջարկները: Դա պարտադիր նախապայման է մարդկային կյանքերը փրկելու ու պատերազմը կանխելու համար»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, Asbarez-ին հղումով մեջբերում է Tert.am-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ ANCA-ն առցանց արշավ է սկսել, որի նպատակն է Կոնգրեսի անդամներին համոզել` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի նկատմամբ տվյալ առաջարկների իրագործման հարցով ճնշում գործադրել:

Asbarez-ը մանրամասնում է, որ Ռոյսի և մյուս կոնգրեսականների ներկայացրած առաջարկները ենթադրում են`

- շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում,

- շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը,

- շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։

Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Կարդացեք նաև՝ ANCA-ն արշավ է սկսելու՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով նպաստել ԼՂՀ-ում խաղաղությանը

ANCA-ի պահանջը՝ հետաքննել Կոնգրեսի անդամների ֆինանսական կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ