18 նոյեմբերի 2015 - 10:54 AMT
Ադրբեջանը թույլ չի տվել իր տարածք մտնել Հայաստանից մեկնող ռուսական Ան-124-ին

Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ՌՏՈւ Ան-124 տրանսպորտային ինքնաթիռը, որն օդ էր բարձրացել Գյումրիի օդանավակայանից, և, հավանաբար, Ռուսաստան էր ուղևորվում, որոշ ժամանակ անց ստիպված է եղել վերադառնալ, քանի որ Ադրբեջանն արգելել է ինքնաթիռին մուտք գործել իր օդային տարածք: Տեղեկությունն այդ մասին հրապարակվել է ավիացիոն Mil Avia բլոգում, հայտնում է Razm.info-ն:

Հրապարակմանն ամրագրված է օդաչուի ռադիոբանակցությունների ձայնագրությունը Գյումրիի օդանավակայանի կարգավարի հետ: Ըստ ձայնագրության, օդաչուն հայտնել է, որ ստիպված է օդանավակայան վերադառնալ, քանի որ «Ադրբեջանի ռազմական սեկտորն արգելել է մուտքը գոտի»:

Դեռևս ոչ պաշտոնական Բաքուն, ոչ Մոսկվան, ոչ էլ Երևանը մեկնաբանություններով հանդես չեն եկել:

Գյումրիում է տեղակայված Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանը, որի նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է հիմնականում օդային ճանապարհով: