18 նոյեմբերի 2015 - 13:31 AMT
«Զվարթնոց»-ում խստացվել է աշխատակիցների և ուղեբեռի զննումը

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը խստացրել է անվտանգության միջոցառումները: Այս մասին հայտնել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:

«Ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված և՛ աշխատակիցների և՛ ուղեբեռների զննման առումով: Ամեն ինչի նկատմամբ օդանավակայանի անվտանգության ծառայությունն ավելի ուշադիր, ավելի աչալուրջ է լինելու: Այսուհետ կզննվեն նաև ուղևորների կոշիկները», - ասել է Աբրահամյանը, գրում է Tert.am-ը:

Փարիզի ահաբեկչությունից հետո եվրոպական բոլոր երկրները հայտարարեցին խստացված ռեժիմով սպասարկման մասին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Նոյեմբերի 14-ի վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ էին դնում՝ հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

Կարդացեք նաև՝ Ֆրանսիայի օդուժն առաջին հարվածներն է հասցրել ԻՊ դիրքերին Փարիզի ահաբեկչություններից հետո

ԵՄ անդամ երկրները կօգնեն Ֆրանսիային ԻՊ դեմ պայքարում

Մեծ Բրիտանիան կարող է կրկին միանալ ԻՊ դեմ ռազմական գործողություններին