18 նոյեմբերի 2015 - 14:13 AMT
Ադրբեջանն իր տարածք անցած հայ զինծառայողին հետ է վերադարձրել ԼՂՀ-ին

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13.30-ին, ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:

Գրիգորյանը 2015-ի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։

Ղարաբաղյան կողմին Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ։

Մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991-ին ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը:

Մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով (դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից)։