19 նոյեմբերի 2015 - 11:36 AMT
Եվրահանձնաժողովի նախագահը կողմ է ԵՄ բանակի ստեղծմանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կողմ է Եվրամիության սեփական բանակի ստեղծմանը:

«Ես ասում էի, որ կողմ եմ եվրոպական բանակին, բայց ինձ քննադատում էին: Այժմ ակնհայտ է, որ մենք պետք է շատ ներդրում անենք, որպեսզի իրական եվրոպական պաշտպանական քաղաքականություն ստեղծենք»,- ասել է Յունկերը, Reuters-ին հղումով մեջբերում է Tert.am-ը:

Նրա խոսքով, չնայած եվրոպական բյուջեի ոչ մեծ ծավալներին, անհրաժեշտ է անցնել այդ երկարաժամկետ նպատակի իրականացմանը:

Նոյեմբերի 18-ին Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարները բավարարել են Ֆրանսիայի օգնության խնդրանքը։ Նման որոշում է կայացվել Բրյուսելում տեղի ունեցած նախարարների հանդիպմանը։ Ֆրանսիան դիմել է համաձայն Լիսաբոնյան համաձայնագրի, ըստ որի՝ «եթե անդամ պետությունը զինված ագրեսիայի զոհ է դառնում իր տարածքում, մյուս անդամ պետությունները պարտավոր են օգնություն և օժանդակություն ցուցաբերել հնարավոր բոլոր միջոցներով»։

Երկրի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը մասնավորապես խնդրել է աջակցել Ֆրանսիային Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» զինյալ խմբավորման դեմ պայքարում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: