19 նոյեմբերի 2015 - 18:38 AMT
ԵՄ պաշտոնյա. Փարիզի դեպքերը չեն ազդի ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման գործընթացի վրա

Փարիզի ահաբեկչության դեպքերը բացասական ազդեցության չեն թողնի ՀՀ-ի և ԵՄ վիզաների դյուրացման գործընթացների վրա և ի վերջո վիզայի ազատականացման այդ պայմանավորվածության ընթացքի վրա: Այս մասին Երևանում ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Սակայն, անխուսափելիորեն, հայերը, որոնք ճամփորդում են Եվրոպայում, պետք է պատրաստ լինեն, որ խստացվելու են բոլոր տեսակի հսկողությունները, ԵՄ ներքին սահմանների վրա ևս հսկողություն կա: Հանրային վայրերում, հանրային միջոցառումների ժամանակ ստուգումներ են լինելու, սակայն Եվրոպան իր կենսակերպը, ապրելակերպը չի փոխելու, Եվրոպան չի սահմանափակելու ազատությունները», - ասել է Սվիտալսկին, մեջբերում է Tert.am-ը:

Նա նշել է, որ Ֆրանսիան առաջին անգամ հղում է կատարել Լիսաբոնի պայմանագրի «համերաշխության» հոդվածին և դրա հիման վրա օժանդակություն խնդրել ԵՄ երկրներից և այդ խնդրանքը միաձայն կերպով դրական արձագանք է գտել ԵՄ բոլոր երկրների կողմից:

«Այս հարձակումների հետևանքով ԵՄ համերաշխությունը և պատրաստակամությունը՝ միասին պայքարել ահաբեկչության դեմ, միայն ուժեղացավ»,- ասել է Սվիտալսկին և նշել, որ այս բոլոր հարցերի շուրջ պատրաստ են գործակցել նաև Հայաստանի հետ:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Կարդացեք նաև՝ ԵՄ անդամ երկրները կօգնեն Ֆրանսիային ԻՊ դեմ պայքարում

Եվրահանձնաժողովի նախագահը կողմ է ԵՄ բանակի ստեղծմանը