24 նոյեմբերի 2006 - 15:29 AMT
20 տարի անց Իրանը կարող է դադարեցնե՞լ էներգակիրների արտահանումը
20 տարի անց Իրանը կարող է դադարեցնել էներգակիրների արտահանումը, եթե երկրին չհաջողվի լուծել ծառացած խնդիրները էներգետիկայի ոլորտում: Նման հայտարարություն է արել այսօր Իրանի տնտեսական հարցերով փոխարտգործնախարար Ալիռեզա Աթթարը, ելույթ ունենալով Ստամբուլում` Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նրա խոսքերով, «իրականում էներգակիրների սպառումն Իրանում աճում է»: Առաջնահերթ խնդիրների թվում նա նշել է հանածո այլընտրանքային ռեսուրսների օգտագործումը, ինչպես նաեւ երկրում էներգասպառման ավելացումը: «Եթե մենք չկարողանանք այդ խնդիրը լուծել 15-20 տարվա ընթացքում, Իրանը կդադարեցնի էներգակիրների արտահանումը , հետեւաբար, մենք ստիպված կլինենք արդյունահանել մեր հանածո էներգառեսուրսները դրամի ռեսուրսների բազա ստեղծելու համար»,-հայտարարել է Ա.Աթթարը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Թեհրանը պատճառաբանում է էներգակիրների սպառման ավելացումը երկրում իրագործվող միջուկային ծրագրի կարիքներով: «Մենք մտադիր ենք կառուցել 20 ատոմակայան, հասնելու համար ընդհանուր առմամբ 20 հազար ՄՎտ հզորության»,-ընդգծել է Աթթարը, մեկ անգամ եւս հավաստիացնելով համաժողովի մասնակիցներին, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, համապատասխանում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի բոլոր դրույթներին, որի ստեղծման նախաձեռնողներից մեկը եղել է Թեհրանը: