20 նոյեմբերի 2015 - 14:07 AMT
Արցախի վարչապետը կմասնակցի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Վարչապետն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ կունենա Հայ Առաքելական եկեղեցու, համայնքում գործող քաղաքական կուսակցությունների և որոշ կազմակերպությունների տեղի ներկայացուցիչների հետ, կայցելի հայկական վարժարաններ և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարան: Հանդիպումներ են նախատեսվում նաև որոշ անհատ բարերարների հետ, իսկ նոյեմբերի 26-ին Արայիկ Հարությունյանը կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին հայտնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Հեռուստամարաթոն 2015»-ն տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ «Հեռուստամարաթոն 2015»-ի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին: Դրամահավաքը կրում է «Մեր Տունը» խորագիրը։

«Հեռուստամարաթոն 2014»-ը արձանագրել էր $12 399 550-ի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարն ուղղվել է ՀՀ-ն ԼՂՀ-ի հոտ կաապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում:

2015-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշել է չանցկացնել ամենամյա մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը՝ պայմանավորված Ռուսաստանում բնակվող հայ գործարարների բիզնեսներում վատ ցուցանիշների հետ:Մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը չի կայացել նաև 2014-ին:

Գործունեության 20 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ-ում իրականացրել է ավելի քան 476 կմ ճանապարհի, 517 կմ ջրագծի ու ջրամատակարարման համակարգի,144 կմ գազատարի, 70 կմ էլեկտրական հոսանքի գծի շինարարություն։ Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն։ Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր։