21 նոյեմբերի 2015 - 10:36 AMT
ՀՀ նախագահն Արցախում հետևել է գնդային մարտավարական զորավարժությանը

Հայկական երկու հանրապետությունների համագործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել ՊԲ մի շարք զորամասերում:

Շրջայցը մեկնարկել է ՊԲ զինծառայողների ներգրավմամբ «Մեխակավան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ անցկացված գնդային մարտավարական զորավարժության դիտմամբ: Զորավարժությունների ավարտից հետո հայկական երկու հանրապետությունների նախագահները և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պարգևներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին, հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը մասնակցել է ռազմական նշանակության կարևոր օբյեկտների բացման արարողություններին, այցելել բանակային բնագիծ և ռազմական նշանակության մի շարք օբյեկտներ, ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինժեներական ու ամրաշինական կառույցներին:

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիսարևելյան պաշտպանական դիրքեր: Նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել սահմանային զորամասերում, այցելել պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Հանրապետության նախագահը ներկա է գտնվել 2-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքին, ունկնդրել է բանակային զորամիավորման հրամանատարի զեկույցը ենթակա զորամասերում տիրող իրավիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Զորամասերից մեկում նախագահը մասնակցել է նաև զինծառայողների համար նոր կառուցված ճաշարանի բացման արարողությանը: