21 նոյեմբերի 2015 - 12:14 AMT
Թուրքիայում հայկական եկեղեցին վերանորոգումից հետո վերածվել է պահեստի

Թուրքիայի Իզմիր նահանգի Բայընդըր շրջանում գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո վերածվել է պահեստի։

Թուրքական Yeniasir լրատվական կայքի տեղեկացմամբ՝ իշխող «Արդարություն և արգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բայընդըրի շրջանային կառույցի նախագահ Ուղուր Դեմիրեզենը պնդում է, որ հայկական եկեղեցին պահեստի է վերածել հենց շրջանային իշխանությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Իսկ այդ շրջանային իշխանության ղեկավարն ընդդիմադիր ճամբարը ներկայացնող «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Ուֆուք Սելսին է:

«Նա շրջկենտրոնը մշակույթի կենտրոն բացելու փոխարեն եկեղեցին դարձրել են ստվարաթղթի պահեստ»,- ընդգծել է Դեմիրեզենը: Վերջինս նաև հավելել է, որ 1857-ին կառուցված այդ եկեղեցին հանրապետության հռչակումից հետո վերածվել է կինոթատրոնի։

2010-ին Իզմիրի նահանգապետարանը և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը վերանորոգել են եկեղեցին որպես մշակույթի կենտրոն օգտագործելու նպատակով։

Եկեղեցու վերանորոգման համար ծախսվել է 1 միլիոն թուրքական լիրա (մոտ $350.000), իսկ վերանորգման աշխատանքներն իրականացվել են Բայընդըրի գավառ նախկին նախագահ Մեհմեթ Քերթիշի ջանքերով, որն իշխող կուսակցության ներկայացուցիչ է։

2015-ի օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն գավառում գտնվող հայկական Սբ Պետրոս Առաքյալի վանքն ու հարակից հայկական գերեզմանոցը հրկիզվել են անհայտ անձանց կողմից:

015-ի ապրիլի տեղեկություններով, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայերից մնացած հին գերեզմանատունն ավերում են գանձ որոնողները: Գերեզմանները նրանց կողմից պղծվել են:

2008-ին վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Էդիրնեգաբուի հայկական գերեզմանատանը՝ անհայտ անձինք ջարդել են մի դամբանաքար և տապալել 8 գերեզմանաքար: Նույնանման դեպք Էդիրնեգաբուի գերեզմանատանը տեղի էր ունեցել 2008-ի հոկտեմբերի վերջին, երբ անհայտ անձինք ջարդել էին 12 դամբանաքար: 2012-ին հայտնի դարձավ Էրուհ շրջանում ավտոճանապարհի շինարարության ժամանակ հայկական գերեզմանատունը քանդելու և մարդկային ոսկորները հողի վրա թողնելու դեպքի մասին։

2014-ի հուլիսին «Ակոս»-ը գրեց, որ Սիվասի (հայկական Սեբաստիա) շրջանի Զարա գավառում գտնվող հայկական գերեզմանատնից մնացել է միայն մեկ տապանաքար: Տեղեկություններ են տարածվել նաև թուրքական Թունջելի շրջանի Մազկերտ թաղամասի հայկական գերեզմանատանը փոսեր փորելու մասին:

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցից 464-ն ամբողջովին անհետացել է, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։