23 նոյեմբերի 2015 - 11:02 AMT
ՀՀ տղամարդկանց հավաքականը՝ շախմատի ԵԱ-ի փոխչեմպիոն

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը 9-րդ տուրում 3:1 հաշվով հաղթել է Վրաստանի ընտրանուն և բաժանելով 2-4 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվել Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն:

Չեմպիոն է դարձել Ռուսաստանի հավաքականը, իսկ բրոնզե մեդալը բաժին է հասել Հունգարիայի ընտրանուն:

Կանանց ընտրանին վերջին տուրում 3.5 : 0.5 հաշվով հաղթել է Չեխիայի հավաքականին և գրավել 11-րդ տեղը: Առաջին տեղում Ռուսաստանի թիմն է:

Հայ շախմատիստներն արժանացել են նաև անհատական մրցանակների: Այսպիսով, Հրանտ Մելքումյանը 9 պարտիայում վաստակել է 6.5 միավոր և արժանացել ոսկե մեդալի: Նա լավագույն արդյունքն է գրանցել չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների թվում:

Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և արծաթե մեդալ նվաճել առաջին խաղատախտակի վրա՝ զիջելով միայն ռումինացի Վիկտոր Բոլոգանին, որը 9 հնարավորից 7 միավոր է հավաքել:

Գաբրիել Սարգսյանը, որը երկրորդ խաղատախտակի վրա անցկացրած 8 պարտիայում վաստակել է 5.5 միավոր, բրոնզե մեդալի է արժանացել:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006-ին Թուրինում, 2008-ին ին Դրեզդենում և 2012-ին` Ստամբուլում)։

Բացի այդ, հայկական թիմը 1992, 2002, 2004 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999-նի Եվրոպայի առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության (2007, 1997) արծաթե և բրոնզե մեդալակիր, 1997, 2001, 2005 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։