27 նոյեմբերի 2006 - 14:48 AMT
Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խոչընդոտ է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների համար
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ խոչընդոտ է Թուրքիայի հետ հարաբերությունների համար, France Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգոծնախարար Վարդան Օսկանյանը: Միեւնույն ժամանակ, նա ավելցարեց, որ «Ադրբեջանի հետ Անկարայի աներկբա համերաշխությունը գործում է Թուրքիայի դեմ, քանի որ վտանգում է Կովկասում նրա վստահելիությունը եւ կշիռը, Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջ լինելու նրա հավակնությունները»: Նա անընդունելի է համարել զուգահեռը Լեռնային Ղարաբաղի եւ Հյուսիսային Կիպրոսի միջեւ` շեշտելով, որ առաջինն ի հայտ է եկել Խորհրդային Միության փլուզման արդյունքում, իսկ երկրորդը` ՄԱԿ-ի անդամ պետության տարածքում: Համաձայնելով հանդերձ, որ Կիպրոսը եւ Հայաստանը խոչընդոտներ տեսնում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ճանապարհին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ հերքել է, թե երկու երկրներն աշխատում են Թուրքիայի դեմ: Նրա խոսքերով ՀՀ նախագահի ղեկավարությամբ Կիպրոս պաշտոնական այցի նպատակը տնտեսական կապերի աշխուժացումն է: «Մենք իրոք ունենք ընդհանուր հարցեր, որոնք քննարկել ենք, բայց մենք չենք միաբանվել այլոց դեմ», ավելացրել է Վարդան Օսկանյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: