25 նոյեմբերի 2015 - 16:44 AMT
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներն» ամռանը կկրկնապատկեն թռիչքները Երևան

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» (МАУ) ավիաընկերությունը պատրաստվում է 2016թ. ամռանը կրկնապատկել չվերթները Երևանի ուղղությամբ: Այժմ ավիաընկերությունը կատարում է օրական մեկ չվերթ: Հուլիսի 15-ից «Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» ամեն օր կկատարեն երկրորդ չվերթը:

Այժմ քննարկվում է նաև ուկրաինական մեկ այլ` «YAN AIR» ավիաընկերության մուտքի հնարավորությունը հայկական ավիաշուկա, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։

ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում: