26 նոյեմբերի 2015 - 12:54 AMT
ՌԴ Պետդումայի կոմիտեի նախագահ. Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումն ակտուալ չէ

ՌԴ Պետդումայի քաղաքացիական, քրեական, արբիտրաժային և ընթացակարգային օրենսդրության գծով կոմիտեի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը ակտուալ չի համարում «Արդար Ռուսաստան» խմբակցության նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին` ի պատասխան թուրքերի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման:

«Այո, միջադեպ է տեղի ունեցել: Բայց պետք է ադեկվատ արձագանքել: Այսօրվա դրությամբ դա ակտուալ չէ»,-հայտարարել է նա ՏԱՍՍ-ին:

Ըստ նրա, «օրենսդրորեն պետք է կանոնակարգել գոյություն ունեցող հարաբերությունները: Ես չեմ լսել, որ մեզ մոտ ինչ-որ մեկը ժխտի հայերի ցեղասպանությունը: Մեր նախագահն այս տարի մասնակցել է Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին և ելույթ ունեցել այնտեղ, զանգվածային ժխտում չկա: Այստեղ կապը ինքնաթիռի հետ տարօրինակ է: Այնքան էլ ճիտշ չէ ամեն ինչում առաջնորդվել «ինքդ ես հիմարը» սկզբունքով»,-ասել է կոմիտեի ղեկավարը:

Պետդումայի պատգամավոր, միջազգային իրավունքի մասնագետ Վասիլի Լիխաչովը հորդորել է չկապել այս օրինագիծը նոյեմբերի 24-ին թուրքերի կողմից խոցված Սու-24-ի հետ:

«Իմ տեսակետից, կարևոր է այս օրինագիծը չկապել այն միտումների հետ, որոնք մենք այսօր տեսնում ենք»,-ասել է խորհրդարանականը ՏԱՍՍ գործակալությանը: «Պետք է նշել, կարծում եմ որ համապատասխան գրության մեջ դա ասվում է, որ դա կապված է պատմական արդարության, այն ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը հարգելու և հումանիտար չափանիշների հետ»,-հավելել է նա:

Լիխաչովը կարծում է, որ պետք է ուշադիր ուսումնասիրել օրինագիծը, հատկապես, այն բաժինները, որտեղ խոսվում է պատասխանատվության և իրավական կիրառման մասին: «Կարծում եմ, որ այդ վերլուծությունն առջևում է»,-ասել է նա: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ «այն կարող է քննարկվել», կարծում է պատգամավորը:

«Կարծում եմ, ընդունմանը կնախորդի բանավեճ…Դա բխում է որոշ միտումներից, որոնք առկա են միջազգային և հատկապես եվրոպական քաղաքական հանրության շրջանում, որտեղ որոշ երկրներ օրենքներ են ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ»,-հիշեցրել է Լիխաչովը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այդ նորմատիվ ակտերի ընդունումն ուղեկցվել է «բևեռացմամբ, Թուրքիայի կողմից այդ երկրների, մասնավորպես Ֆրանսիայի վրա, դիվանագիտական մեծ ճնշմամբ»:

Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Պետական դումայում Հայոց ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել: Այս մասին հայտնել է պատգամավոր, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը Twitter-ի իր միկրոբլոգում:

ՌԴ պետդուման ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1995-ին: Ցեղասպանության հերքման համար պատասխանատվության վերաբերյալ օրինագծի ներկայացումը տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել:

Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար: