26 նոյեմբերի 2015 - 13:59 AMT
Իրանի խորհրդարանի խոսնակը խոցված Սու-24-ի մասին. Դա Թուրքիայի մեծ սխալն էր, Օբամայի աջակցությունն` էլ ավելի մեծ

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մեծ սխալ են գործել, խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռը, սակայն ԱՄՆ էլ ավելի մեծ սխալ է արել` սատարելով թուրքական իշխանություններին:

«Դա մեծ սխալ էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աջակցությունն այդ գործողությանն էլ ավելի մեծ սխալ էր, որն ավելի է սրում հակամարտությունը տարածաշրջանում»,-ասել է Լարիջանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշում է Press TV-ն, ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ԱՄՆ-ն աջակցություն հայտնեց Թուրքիային` հայտարարելով, թե ռուսական ինքնաթիռն իբր խախտել էր Թուրքիայի օդային տարածքը և «Թուրքիան, ինչպես ցանկացած այլ երկիր, իր տարածքն ու օդային տարածքը պաշտպանելու իրավունք ունի»:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել:

Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել:

Որոնողական գործողության ժամանակ խոցվեց նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը:

Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց զոհված զինծառայողնեին պետական պարգևներով պարգևատրելու մասին: