26 նոյեմբերի 2015 - 17:28 AMT
Մեդվեդևը հանձնարարել է ՌԴ կառավարությանը 2 օրում պատասխան միջոցներ մշակել Թուրքիայի դեմ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է կառավարությանն ի պատասխան Թուրքիայի կողմից «ագրեսիայի ակտի» 2-օրյա ժամկետում սահմանափակող միջոցներ մշակել տնտեսական և հումանիտար ոլորտներում: Հայտարարությունն արվել է կառավարության նիստում:

Ընդ որում վարչապետը նշել է, որ սահմանափակումների գործողության ժամկետը հարկ չկա նշելու, քանի որ դա կախված կլինի միջազգային հարաբերություններից և «Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններից»:

«Հետևյալ միջոցներն են նշված. տնտեսական համագործակցության ծրագրերի կասեցում, ֆինանսական գործողությունների սահմանափակում, ներմուծման և արտահանման տուրքերի փոփոխություն, զբոսաշրջային ոլորտի վրա ազդեցության միջոցներ, փոխադրումների, ներառյալ օդային և ծովային փոխադրումների սահմանափակում, հումանիտար շփումների վրա ազդեցություն»,-ասել է Մեդվեդևը, հայտնում է ՌԲԿ-ն:

Ըստ վարչապետի, Թուրքիայի հանդեպ պատասխան միջոցները կամփոփվեն միասնական փաստաթղթում` նախագահի հրամանագրով կամ դրա հիման վրա կառավարության որոշմամբ:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա:

Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար:

Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել:

Որոնողական գործողության ժամանակ խոցվել է նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը:

Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց զոհված զինծառայողնեին պետական պարգևներով պարգևատրելու մասին: