27 նոյեմբերի 2015 - 12:25 AMT
Հայաստանն արդիականացնում է իր Ս-125 զենիթահրթիռային համակարգերը

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» նոր հրապարակած զեկույցը հայտնում է, որ Հայաստանը 2015-16 թթ. Ռուսաստանի օգնությամբ արդիականացնելու է զենիթահրթիռային իր Ս-125 համալիրները մինչև Ս-125 «Պեչորա-2Մ» մակարդակի, հայտնում է Razm. Info-ն:

Այս մասին համապատասխան պայմանավորվածություն ձեռք է բերվել 2013 թվականին։ Արդիականացման համար, ըստ վերլուծական կենտրոնի գնահատականի, Հայաստանը վճարելու է 60 մլն ամերիկյան դոլար։

Ս-125-ի համեմատ Ս-125 «Պեչորա-2Մ»-ն ունի էապես ավելի բարձր մարտավարա-տեխնիկական հատկանիշներ։ Բարելավվել են բոլոր կարևորագույն հատկանիշները. հեռահարությունը, առավելագույն բարձրությունը, թիրախի խոցման հավանականությունը, խանգարումներից պաշտպանվածության աստիճանը ևն։

Արդիականացված տարբերակն ունակ է օդային թիրախներ խոցել մինչև 27 կմ հեռավորության վրա, ընդ որում այն ավելի դիպուկ է խոցում ցածր բարձրության վրա թռչող օբյեկտներին։

Ս-125 «Պեչորա-2Մ»-ը կարող է ունենալ ինչպես շարժական, այնպես էլ ինքնագնաց տարբերակներ, այն 2 անգամ ավելի շատ արձակման կայան ունի (Ս-125-ի 4-ի փոխարեն 8 հատ)։ Համալիրն օժտված է ռադիոտեխնիկական պաշտպանության համակարգով։