27 նոյեմբերի 2015 - 12:57 AMT
«Զվարթնոց»-ի ականապատման մասին հաղորդագրությունը կեղծ էր. Աղբյուրը բացահայտվել է

Նոյեմբերի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանն ականապատված է և կպայթի երկու օրվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունը։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում՝ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ահաբեկչական բնույթի հաղորդագրությունն ուղարկվել է Բելառուսի Հանրապետության քաղաքացի Եվա Սամսոնովայի անունից՝ ԱՄՆ-ում գտնվող էլեկտրոնային սերվերներից մեկի միջոցով, սակայն` ռուսական IP հասցեից:

Միջազգային գործակցության և տարաբնույթ հարցումների արդյունքում՝ համապատասխան ծառայությունների արտերկրի մեր գործընկերներից ստացված տվյալների համաձայն՝ հաղորդագրությունը Եվա Սամսոնովայի անունից ուղարկել է Մոսկվայի մարզի Ռոմենսկի շրջանի բնակիչ, 1973-ին ծնված Ս. Զաբաբոնովը:

Պարզվել է, որ Ս. Զաբաբոնովը ճանաչում է Ե. Սամսոնովային և նրա նկատմամբ տածած ոչ բարյացակամ վերաբերմունքից ելնելով՝ ուղարկել է ահաբեկչական բնույթի կեղծ հաղորդագրությունը:

Փաստի առթիվ ՌԴ ՆԳ Մոսկվայի վարչության Բալաշիխինսկոյե բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ` ՌԴ քր. օր.-ի 207 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն տարածելը) 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները։

Նոյեմբերի 18-ին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը հայտնել է, որ ընկերությունը խստացրել է անվտանգության միջոցառումները:

«Ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված և՛ աշխատակիցների և՛ ուղեբեռների զննման առումով: Ամեն ինչի նկատմամբ օդանավակայանի անվտանգության ծառայությունն ավելի ուշադիր, ավելի աչալուրջ է լինելու: Այսուհետ կզննվեն նաև ուղևորների կոշիկները», - ասել է Աբրահամյանը:

Փարիզի ահաբեկչությունից հետո եվրոպական բոլոր երկրները հայտարարեցին խստացված ռեժիմով սպասարկման մասին: