27 նոյեմբերի 2015 - 13:23 AMT
ՌԴ ՊՆ-ն հերքում է. Սիրիայում թուրքական ավտոշարասյուն չեն ռմբակոծել, այն մարդասիրական չէր

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մարդասիրական ավտոշարասյուն չեն ռմբակոծել, որի ոչնչացման մասին նախօրեին հայտնել էին թուրքական ԶԼՄ-ները և սիրիացի ընդդիմադիրները։

Նոյեմբերի 26-ին Սիրիայում, թուրքական սահմանից ոչ հեռու, ռմբակոծվել է թուրքական բեռնատարներիշարասյունը, որը ապստամբների խմբավորումներից մեկի ուղեկցությամբ ուղևորվում էր դեպի Ազազ քաղաքը:

Ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, ոչնչացվել է 12 բեռնատար:

Ավտոշարասյունը, ինչպես հայտնում էին, օգնություն էր տրամադրում փախստականներին սիրիական Ազազ քաղաքում: «Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդ» կազմակերպությունը հայտնում էր, որ միջադեպից ավելի վաղ ռուսական ավիացիան ռմբակոծել է Ազազի շրջանը:

Կազմակերպությունը Facebook-ի իր էջում տեղադրել է այրված մեքենաների լուսանկարներ:

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, այդ լուսանկարներում և տեսանյութերում բացակայում են ռազմամթերքի պայթյունից հետքերն ու մնացորդները, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը:

«Խորհուրդ է տրվում հաջորդ անգամ Հալեպի հյուսիսում գործող գրոհայինների համար ռազմամթերքով բեռնատարների ավտոշարասյունը չներկայացնել իբրև «մարդասիրական օգնություն»»,- հայտարարել է նա:

Կոնաշենկովի խոսքով՝ թուրքական կողմն այդ շրջան մարդասիրական ավտոշարասյան ուղղվելու մասին չի հայտնել, իսկ ավտոշարասյունը նշագրված չի եղել համապատասխան կերպով:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են օդում:

Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Կարդացեք նաև՝ Ռուսական С-400 համակարգն արդեն տեղակայվել է Սիրիայում

Մեդվեդևը հանձնարարել է ՌԴ կառավարությանը 2 օրում պատասխան միջոցներ մշակել Թուրքիայի դեմ