27 նոյեմբերի 2015 - 13:44 AMT
Թուրքական բանակը դադարեցրել է թռիչքները Սիրիայի տարածքում

Նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ թուրքական բանակը դադարեցրել է թռիչքները Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ գլխավորած ռազմարշավի շրջանակում, գրում է Hurriyet-ը:

Թռիչքների կասեցումը կապված է թուրքական ավիացիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման հետ: Մինչդեռ աղբյուրները, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, հայտարարել են, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի հետ համատեղ, որն իբր նույնպես դադարեցրել է թռիչքները Թուրքիայի հետ սահմանի մոտ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Անկարան որպես ագրեսիա կգնահատի, եթե իր մարտական ինքնաթիռը խախտի Սիրիայի օդային տարածքը և խոցվի ռուսական զենիթահրթիռային համալիրի միջոցով:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար:

Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել:

Որոնողական գործողության ժամանակ խոցվել է նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը:

Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց զոհված զինծառայողնեին պետական պարգևներով պարգևատրելու մասին: