27 նոյեմբերի 2015 - 15:27 AMT
ՀՀ և Լիբանանի ԶՈւ միջև ռազմական գործակցության ծրագիր է ստորագրվել

Հայ-լիբանանյան ռազմական գործակցության շրջանակում նոյեմբերի 25-ից 28-ը Լիբանանի Հանրապետությունում է գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը:

Լիբանանյան կողմի հետ կայացած քննարկումների արդյունքում համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև ռազմական գործակցության 2016-ի ծրագիրը:

Այցի ընթացքում Այվազյանին ընդունել են Լիբանանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալիդ Սալմենը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում գործադիրի կողմից հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջևպաշտպանության բնագավառում գործակցության մասին» համաձայնագրի կնքմանը։