27 նոյեմբերի 2015 - 18:12 AMT
Euractiv. Փախստականներին ընդունելով Հայաստանը ցույց է տվել՝ եվրոպական արժեքները կիսող պետություն է

Հայաստանը փոքր և, ի տարբերություն Եվրոպայի, համեմատաբար աղքատ երկիր է, սակայն ողջունել է փախստականների մուտքը երկիր՝ օգնություն տրամադրելով բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այս մասին Euractiv պարբերականում հրապարակած հոդվածում գրել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան:

«Հայաստանը ցույց է տալիս Եվրոպային, թե ինչպես է պետք ընդունել փախստականներին» խորագիրը կրող հոդվածում Օչոան նշել է, որ սիրիական հակամարտության ամենասկզբից Հայաստան են ժամանել 17 հազար սիրիացի:

Չնայած նրանց զգալի մասը սիրիահայեր էին, այդուհանդերձ, եկածների շարքում կային նաև ասորիներ ու եզդիներ, որոնց համար ևս Հայաստանը տուն դարձավ:

«Եվրոպայում Հայաստանը երրորդ երկիրն է ընդունած սիրիացի փախստականների թվով»,- նշում է հեղինակը, գրում է Panorama.am-ը:

Նրա պնդմամբ՝ Հայաստանից մեծ ջանքեր պահանջվեցին դա անելու համար, քանի որ ի տարբերություն Լիբանանի, Թուրքիայի կամ Հորդանանի՝ Հայաստանը Եվրամիությունից որևէ զգալի ֆինանսական աջակցություն չստացավ փախստականներին ընդունելու համար: Չնայած դրան, ՀՀ սփյուռքի նախարարությունը հրապարակայնորեն հայտարարեց, որ «եթե փախստականները որոշել են գալ Հայաստան, ապա մենք միջազգային կառույցների և հայկական կազմակերպությունների հետ միասին պետք է անենք առավելագույնը նրանց ընդունելու համար»:

«Նրանցից շատերը հասնելով Հայաստան կարող էին դիմել քաղաքացիություն ստանալու, կեցության համար կամ էլ պահանջել արագացված կերպով ապաստանի տրամադրում: Փախստականների լեզվական արգելքները հաղթահարելու համար կազմակերպվեցին անվճար լեզվի դասեր, նրանցից շատերը ապաստան գտան հայկական ընտանիքներում: Մոտ 6.000 նորեկ 2014 -ին ստացան անվճար իրավաբանական խորհրդատվություն: Մոտ 245 նոր ձեռնարկություն հիմնվեցին Սիրիայից ժամանած միգրանտների կողմից»,- գրում է Օչոան:

Ըստ հեղինակի՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ¬ի կազմակերպած կոտորածները հայերին հիշեցրին իրենց սեփական պատմությունը: Շատ սիրիացիներ, ովքեր եկան Հայաստան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն էին, և շատ հայեր նրանց անվտանգ ապաստանով ապահովելու բարոյական պատասխանատվություն զգացին: Սա նաև բացատրում է այն հանգամանքը, թե ինչու եզդիներին, ովքեր իրենց հայրենի հողում ոչնչացման են ենթարկվում, այստեղ գրկաբաց են ընդունում:

Հոդվածագիրը նշում է, որ այս տարիներին փախստականների նկատմամբ դրսևորած դիրքորոշմամբ Հայաստանը ցույց տվեց, որ եվրոպական արժեքներն անկեղծորեն կիսող պետություն է: Դրա ապացույցներից է նաև այն, թե ինչպես հայերը Փարիզի ահաբեկչությունից անմիջապես հետո հավաքվեցին սգալու զոհերի հիշատակն ու դատապարտելով կատարվածը: Նրանց թվում էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ով մասնակցեց Ֆրանսիայի դեսպանատան առաջ իրականացվող մոմավառությանը:

Շառլ Ազնավուրը, ում ծնողները Հայոց ցեղասպանությունից հետո գաղթել էին Եվրոպա, ասել է, որ «միշտ կկանգնի նրանց կողքին, ովքեր թակում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր փակում են դրանք»:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։