28 նոյեմբերի 2015 - 14:45 AMT
«Փյունիկի» օրինակով «Բանանցը» նույնպես հրաժարվել է Թուրքիայում ձմեռային հավաքից

Առաջիկա ձմեռային դադարի ընթացքում Երևանի «Բանանցը» մարզական հավաքներ չի անցկացնելու Թուրքիայի տարածքում, ինչպես եղել է նախորդ տարիներին:

Ներկայումս «Բանանցի» ղեկավարությունը նոր տարբերակներ է փնտրում հավաքի անցկացման համար: Դիտարկվում են հավաքներն այլ երկրներում անցկացնելու հնարավորությունները: Հնարավոր տարբերակներից է Սոչին:

Նոյեմբերի 29-ին «Բանանցը» 2015-ի վերջին հանդիպումն է անցկացնելու Հայաստանի առաջնությունում: Առաջնությունը վերսկսվելու է 2016-ի մարտի 6-ին:

Նոյեմբերի 27-ին ուսումնամարզական հավաքները Թուրքիայում անցկացնելու մտադրությունից հրաժարվել է Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:

«Վերջին շաբաթում տեղի ունեցած միջազգային իրադարձությունների հետ կապված «Փյունիկը» հրաժարվում է ձմեռային դադարի ընթացքում ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայի սահմանում: Նախնական բանակցային բոլոր գործընթացները չեղյալ են համարվել: Այլընտրանքային տարբերակները քննարկվում են, որոնց մասին կլինի լրացուցիչ հայտարարություն», - ասվում է Հայրապետյանի Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի ողբերգությունը ամենալուրջ հետևանքները կունենա Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների համար:

Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակոծվել է ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել:

Որոնողական գործողության ժամանակ խոցվել է նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը:

Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց զոհված զինծառայողնեին պետական պարգևներով պարգևատրելու մասին:< /i>