28 նոյեմբերի 2015 - 16:49 AMT
Գավառի թատրոնի նոր շենքի կառուցումը կավարտվի 2016-ին

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում ընթացում է Լևոն Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի շինարարական աշխատանքները:

Մարզի միակ պետական թատրոնի՝ Գավառի թատրոնի շենքը 1950-1960թթ-ի կիսավեր կառույց էր, որը նոր շենքի կառուցման նախագծով ենթակա էր քանդման՝ փոխարենը նախատեսված էր 420 հանդիսատեսի համար, 2.210 քմ մակերեսի վրա կառուցել ժամանակից հարմարություններով թատրոնի շենք:

«Սեյսմիկ անկայունության պատճառով շենքը ենթակա էր փլուզման ու շատերը մտածում էին, որ Գավառին թատրոն պետք չէ, ու առաջարկում էին այն տեղափոխել մշակույթի պալատ, սակայն երբ հանրապետության ղեկավարին ներկայացվել է խնդիրը, նա ասել է, որ Գավառին թատրոն է պետք: Եվ թատրոնի շինարարությունն անմիջապես սկսվեց և այսօր ընթանում է լայն թափով», - ասել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, մեջբերում է Tert.am-ը:

Նա տեղեկացրել է, որ շենքի կառուցման աշխատանքները կավարտվեն 2016-ին:

Բադալյանի խոսքով, թատրոնը կնպաստի ոչ միայն Գավառի մշակութային կյանքի զարգացմանը, այլև ամբողջ մարզի: