1 դեկտեմբերի 2015 - 12:02 AMT
ԵԱՀԿ պլանային դիտարկում է անցկացվելու Ասկերանի ուղղությամբ

Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Եվգենի Շարովը (Ուկրաինա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)։

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցից հետո Միջնորդները Ադրբեջան են մեկնել հոկտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտից։ ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի հայտարարության՝ հրադադարը խախտվել է ադրբեջանական կողմից:

Հրադադարի խախտման դեպքից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն օրը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Ավելի ուշ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի այս հայտարարությունը հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում: