2 դեկտեմբերի 2015 - 18:21 AMT
Ֆրանսիայի խորհրդարանը կքննարկի Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստին պատրաստվում է քննարկել Օսկամյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ինչպես հայտնում է Today’s Zaman-ը, օրինագիծը նախապատրաստվել է ընդդիմադրիր Հանրապետական կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից:

Դեկտեմբերի 3-ին քվեարկության դրվող՝ 20-րդ դարի ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները ժխտողների համար քրեական պատիժ նախատեսող օրենքի նախագիծը (n° 2276) Վալերի Բուայեի և այլ պատգամավորների համահեղինակությամբ Ֆրանսիայի Ազգային ժողով է ներկայացվել 2014 թ. հոկտեմբերի 14-ին: Այն օրենքի դրույթները խախտողների համար որպես պատիժ նախատեսում է 5 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Վալերի Բուայեն Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման նախաձեռնությամբ նախկինում ևս բազմիցս հանդես է եկել: Դեռևս 2013-ի փետրվարին, պատգամավորը Ֆրանսիայի Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը հիմնված էր Եվրախորհրդարանի ընդունած՝ «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացումը» հոդվածի վրա: Այն որպես պատիժ նախատեսում էր մինչև երկու տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք ցեղասպանության ժխտման համար:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ Բուայեի պատրաստած նախորդ նախագծերից մեկն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի (2011թ. դեկտեմբերի 22) և Սենատի (2012 թ. հունվարի 23) կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն 2012 թ. փետրվարի 29-ին երկրի սահմանադրությանը հակասող էր ճանաչել:

Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի անդամ Յուբեր Հանելը 2012 թ., Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքն ընդունելուց հետո նամակագրական կապի մեջ է եղել Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Յաշար Յակիշի հետ և հավաստիացրել է նրան, որ փաստաթուղթը իրավաբանական ուժ չի ստանա: